տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Նարինե Մինասյան (ՀՊՏՀ, Միջազգային տնտեսական հարաբերություններ)

Ուսանողը. Նարինե Մինասյան (ՀՊՏՀ, Միջազգային տնտեսական հարաբերություններ)

834
0
Նարինե Մինասյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի Արտաքին առևտրային քաղաքականություն կրթական ծրագրի մագիստրոս Նարինե Մինասյանն է:

Նարինե Մինասյան

Նարինե, սովորաբար, այն աշակերտներին, որոնք մաթեմատիկական հակումներ ունեն, խորհուրդ են տալիս տնտեսագետի մասագիտությունն ընտրել։ Ձեր դեպքում նույնպե՞ս այդպես է եղել։

Այն, որ ի սկզբանե սիրել եմ մաթեմատիկան, այո՛, դա ինչ-որ չափով  նպաստել է մասնագիտությանս ընտրությանը, սակայն տնտեսագետի մասնագիտությունն ընտրել եմ ծնողներիս, հատկապես՝ հայրիկիս խորհրդով: Եվ այսօր երախտապարտ եմ նրան՝ ճիշտ ճանապարհով ուղղորդելու համար: Ես իսկապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը:

Ինչպե՞ս նախապատվությունը տվեցիք ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետին։

Դիմորդի հայտը մինչ լրացնելը, ես մանրամասն ծանոթացել եմ ՀՊՏՀ-ի բոլոր ֆակուլտետների գործունեությանը, խոսել իմ ավագ ընկերների հետ, ինչի շնորհիվ հասկացա, որ ինձ համար առավել հոգեհարազատ է հենց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, ինչպես նաև այնտեղ տրվող մասնագիտությունները առավել բնորոշ են իմ տեսակին:

Ո՞ր ոլորտներում կարող է աշխատել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը։

Այսօր, կարելի է ասել,  յուրաքանչյուր լավ տնտեսագետ, այդ թվում և Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի տնտեսագետ-շրջանավարտները բավականին մեծ պահանջարկ են վայելում մերօրյա աշխատաշուկայում, ինչը հնարավորություն է ընձեռում ունենալ հաջողություններ տարբեր ոլորտներում: Այսօր իմ ընկերներից շատերն աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ԿԲ-ը, ՀՀ ֆինանասների նախարարությունը կամ Պետեկամուտների կոմիտեն, շատերն աշխատում են Հայաստանի տարբեր առևտրային բանկերում և այսպես անվերջ կարելի է թվարկել, քանի որ ոլորտները բավականին շատ են:

Ինչպե՞ս որոշեցիք մասնագիտանալ արտաքին առևտրային քաղաքականության ոլորտում:

Ես բնույթով պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր սիրում են փորձել  իրենց ուժերը տարբեր բնագավառներում և քանի որ ամբողջովին փոխել մասնագիտական ոլորտս չէի ցանկանում, անգամ չեմ էլ պատկերացնում, ուստի որոշեցի մագիստրատուրայում ուսումնասիրել իր էությամբ բավականին տարբերվող  և հետաքրքիր մի ոլորտ՝ արտաքին առևտրային քաղաքականությունը:

ՀՊՏՀ-ում ուսումնառության ընթացքում ավելի շատ պրակտիկ, թե՞ տեսական գիտելիքներ եք ստացել:

Ուսումնառության առաջին երկու տարիների ընթացքում հիմնականում ձեռք եմ բերել տեսական, իսկ հաջորդող տարիներին, արդեն, ավելի պրակտիկ գիտելիքներ:

Մի փոքր կխոսե՞ք ՀՊՏՀ-ում օտար լեզվի ուսուցումից: Քանի՞ տարի եք այն ուսումնասիրել Ձեր բուհում և այդ ժամանակահատվածը բավարա՞ր է լեզվին հավուր պատշաճի տիրապետելու համար:

Ուսումնառությանս ընթացքում ես ունեցել եմ հնարավորություն բակալավրիատում երկու, իսկ մագիստրատուրայում մեկ կիսամյակ ուսումնասիրել ագլերեն և ռուսաց լեզուները: Բնականաբար, լեզուներին հավուր պատշաճի տիրապետելու համար նման ժամանակահատվածը սուղ է, այդ իսկ պատճառով դասերին կից համալսարանում դասախոսների և ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվում են օտար լեզուների ուսուցման տարբեր խմբակներ, որոնց ցանկացողները կարող են մասնակից լինել:

Նարինե Մինասյան

Իրավագետի, տնտեսագետի ու քաղաքագետի մասնագիտություններն էլիտար են համարվում: Համաձա՞յն եք նման դասակարգմանը: Ի՞նչ առավելություններ և առանձնահատկություններ ունեն «էլիտար մասնագիտությունները»: Աշխատաշուկայում «էլիտար մասնագիտությունների» պահանջարկը մե՞ծ է:

Թերևս այո, կարելի է համարել, որ այս մասնագիտությունները էլիտար են ներկայումս, ինչ վերաբերում է նման մասնագիտությունների առանձնահատկություններին կամ դրանց նկատմամբ պահանջարկին, ապա ես մնում եմ այն խոր համոզմունքին, որ ներկայիս աշխատաշուկայում ոչ այնքան  մեծ է էլիտար մասնագիտության, որքան, նախևառաջ, ցանկացած ոլորտի լավ մասնագետների պահանջարկը:

Նարինե Մինասյան

Մի փոքր կպատմե՞ք Ձեր պրակտիկայից: Ո՞ր գերատեսչություններում եք անցել մասնագիտական պրակտիկան: Արդյունավե՞տ է եղել այն և նպաստել է արդյոք Ձեր աշխատանք գտնելուն:

Մասնագիտական պրակտիկաներս իրենց գործունեությամբ բավականին տարբերվող գերատեսչություններում եմ անցկացրել: Առաջին պրակտիկաս, որպես այդպիսին, անցկացրել եմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, այնուհետև ՀՀ ֆինանասների նախարարությունում, դրան հաջորդել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում անցկացրածս պրակտիկան: Այո՛, ես վստահորեն կարող եմ ասել, որ նման պրակտիկաները ոչ միայն ինձ որպես տնտեսագետի թույլ տվեցին զարգացնել մտահորիզոնս ու մասնագիտական գիտելիքներս, այլև «Արդշինբանկ» ՓԲԸ-ում անցկացրածս պրակտիկայի շնորհիվ ես այսօր դարձել եմ բանկի մի մասնիկը և հանդիսանում եմ բանկի աշխատակից:

Նարինե Մինասյան

Եթե փորձեք համեմատել բակալավրի ու մագիստրատուրայի ուսուցման գործընթացները, ապա կարո՞ղ եք ասել, թե որն է Ձեզ համար առավել արդյունավետ եղել:

Նման տարանջատում մտցնելը բավականին բարդ է, քանի որ բակալավրում ստանում ես գիտելիքների այն բազան, որը, հետագայում մագիստրատուրայում էլ ավելի խորացնելով ու կատարելագործելով, դու դառնում ես քո մասնագիտության կրողը, դառնում այն մասնագետը, որն ի սկզբանե ջանում էիր դառնալ:

Նարինե Մինասյան

Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, որոնք ուզում են իրենց բարձրագույն կրթությունը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում ստանալ:

Ոչ միայն ՀՊՏՀ  ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դիմորդներին, այլև բոլոր դիմորդներին խորհուրդս այն է, որ այն, ինչ ընտրել են, այն, ինչ անում են, միշտ անեն սիրով, սիրեն իրենց, իրենց մասնագիտությունը, սիրեն այն ոլորտը, որտեղ աշխատում են: Այդ ժամանակ կտեսնեն, որ ճանապարհին հանդիպած ամեն դժվարություն ու խոչընդոտ հաղթահարելի կլինի:

Օլյա Շահինյան