տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Մարիետա Ավետիսյան (լուսանկարներ)

Ուսանողը. Մարիետա Ավետիսյան (լուսանկարներ)

561
0
Մարիետա Ավետիսյանը

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր) Մարիետա Ավետիսյանն է:

Մարիետա Ավետիսյան

Մարիետա, հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, որ հումանիտար ուղղությամբ գնացող երիտասարդները թույլ կամ թերի գիտելիքներ ունեն բնագիտամաթեմատիկական առարկաներից: Ձեր դեպքում ասվածը համապատասխանու՞մ է իրականությանը: Կասեք, թե ինչպես ընտրեցիք քաղաքագետի մասնագիտությունը:

Այսօր գիտելիքների բաժանումը բնագիտամաթեմատիկականի եւ հումանիտարի որոշ չափով դարձել է պայմանական, քանի որ գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց հումանիտար գիտությունների մեջ ավելի լայն են թափանցում բնական և տեխնիկական գիտությունների մեթոդները, իսկ բնագիտության և տեխնիկայի զարգացումն իր հերթին մասնագետից պահանջում է հումանիտար գիտությունների ավելի խորը իմացություն և մեթոդաբանական պատրաստվածություն։ Ինչ վերաբերվում է ինձ, պետք է ասեմ, որ դպրոցում բոլոր առարկաներին տիրապետել եմ գերազանց, սակայն գնալով հասկացա, որ ինձ համար ավելի հոգեհարազատ են հումանիտար ուղղվածության առարկաները, ինչը ակնհայտ էր դառնում դպրոցական տարիների ուսումնառության ժամանակ առկա հումանիտար բնագավառի գիտելիքների եւ դրանց հետ կապված գործնական ունակությունների եւ կարողությունների առկայությամբ։ Եվ բնական է, որ դպրոցն ավարտելուց հետո պետք է խորանայի այդ ուղղվածությամբ, իսկ արդեն մասնագիտական ընտրության հարցով շնորհակալ պետք է լինեմ հայրիկիս, քանի որ հենց ինքն է ինձ ուղղորդել սովորել ԵՊՀ քաղաքագիտության բաժնում։

Ուսանողին որքա՞ն ժամանակ է հարկավոր օտար լեզուն հավուր պատշաճի յուրացնելու համար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում օտար լեզուն խորությամբ են ուսումնասիրում:

Եթե նախկինում օտար լեզվի իմացությունը առավելություն էր, ապա մեր օրերում՝ պարտադիր պայման, եւ ավելորդ է խոսել այսօր հաջողակ դառնալու գործում օտար լեզվի իմացության կարեւորության մասին։ Ասել է թե, ցանկացած պարագայում միշտ պետք է հաշվի առնել, որ սեփական լեզվից զատ պիտի տիրապետես այլ լեզուների եւս, հետեւաբար, կարող ենք ասել, որ լեզուն փրկող օղակ է կյանքի ցանկացած պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողը ընդունվում է բուհ՝ արդեն  լեզվի իմացության բավարար մակարդակով, ապա կարծում եմ, որ չորս տարին էլ բավարար է օտար լեզվին հավուր պատշաճի տիրապետելու համար։ Այնուամենայնիվ, գիտելիքը երբեք շատ չի լինում եւ ինչքան էլ սովորենք, դեռ էլի ու էլի սովորելու տեղ ունենք։

Ուսումնառության ընթացքում հասցրե՞լ եք ընթերցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանձնարարվող մասնագիտական գրականության ամբողջական ցանկը: Հատկապես ո՞ր առարկայի շրջանակներում հանձնարարվող գրականությունն է Ձեր մեջ տպավորվել:

Այո, գրեթե ամբողջությամբ հասցրել եմ ընթերցել։ Հատկապես տպավորվել է «Քաղաքական ուսմունքները նոր եւ նորագույն ժամանակներում» առարկայի գրականությունը։

Բակալավրիատում ուսումնառության շրջանում հատկապես ո՞ր առարկայի շրջանակներում կազմակերպվող դասախոսություններն են Ձեզ համար եղել ամենաարդյունավետը:

Ուսումնառության ժամանակ բոլոր առարկաների դասախոսությունները արդյունավետ են եղել, քանի որ գրեթե բոլոր դասախոսները աշխատել են նույն մեթոդաբանությամբ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, ովքեր ուզում են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում:

Համալսարանն ավարտելուց հետո ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ կտամ լինել շատ աշխատասեր, մշտապես ներկա գտնվել բոլոր դասախոսություններին, եւ անխտիր կատարել բոլոր դասախոսների հանձնարարականները։

Սովորելու տարիներին ի՞նչ կազմակերպչական խնդիրների եք հանդիպել, որոնք որ խոչընդոտել են Ձեր բնականոն ուսումնական գործընթացին:

Կազմակերպչական առումով որեւէ խնդրի չեմ հանդիպել. բուհի միակ թերությունը գրադարաններում գրքերի բավարար քանակության բացակայությունն է եղել։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը: Այն դասական առումներով համապատասխանու՞մ է մեր ծնողների ուսումնառության շրջանում ուսանողական կյանքի վերաբերյալ եղած պատկերացումներին:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողական կյանքը հրաշալի է անցնում, իմ ուսանողական կյանքը եղել է կյանքիս ամենահետաքրքիր եւ առանձնահատուկ շրջաններից մեկը. մինչեւ հիմա կարոտով եմ հիշում այդ չորս տարիները։ Այն ամբողջությամբ համապատասխանում է մեր ծնողների` ուսանողական կյանքի վերաբերյալ ունեցած պատկերացումներին:

Ո՞ր առարկայի քննությունից առաջ եք հատկապես շատ պարապել ու տանջվել, որը տպավորվել է Ձեր հիշողության մեջ:

Առաջին կուրսի առաջին կիսամյակում, երբ դեռ անփորձ էի, նոր-նոր սկսում էի ընտելանալ միջանկյալների անցկացման մեթոդաբանությանը, քննական առարկաների ցանկից միակ առարկան, որ կառանձնացնեմ, միչեւ օրս հիշում եմ, եղել է մեր երջանկահիշատակ դասախոս պարոն Վանեսյանի «Քաղաքական ուսմունքները հին եւ միջին դարերում» առարկան, ինչի համար իսկապես շատ պարապել եւ պատրաստվել էի։

Մարիետա, հե՞շտ է համատեղել ուսումն ու ընտանիքը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ամուսնացել եք ավարտական կուրսում:

Շատ հեշտությամբ համատեղել եմ ուսումն ու ընտանիքը, ինչի համար անչափ շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին, ովքեր ամեն կերպ ինձ խրախուսել եւ այդ հարցում քաջալերել են։

Առաջիկայում նպատակ ունե՞ք ուսումը շարունակել մագիստրատուրայում:

Առայժմ ամբողջ ժամանակս տրամադրում եմ երեխայիս խնամքին եւ դաստիարակությանը, իսկ հետագա պլանների մասին չեմ բարձրաձայնի. ժամանակը ցույց կտա։

Օլյա Շահինյան