տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Լիլիթ Այդինյան (լուսանկարներ)

Ուսանողը. Լիլիթ Այդինյան (լուսանկարներ)

1038
0
Լիլիթ Այդինյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» ուսումնական ծրագրի մագիստրանտ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր) Լիլիթ Այդինյանն է:

Լիլիթ Այդինյան

Լիլիթ, քչերն են իրենց մեջ հաղթահարում տարակուսանքն ու իրենք իրենց համոզում թշնամու լեզուն՝ թուրքերեն սովորել: Կասե՞ք, թե ինչպես կայացրիք այդ պատասխանատու որոշումը:

Իմ՝ թյուրքագիտություն՝ իբրև թշնամու լեզու ուսումնասիրելը, կարծում եմ, մի փոքր սահմանափակ մոտեցում է այս հարցին: Կարող եմ առանձնացնել մի շարք դրական դրդապատճառներ, որոնք ինձ մղել են թուրքերենը ուսումնասիրելուն՝ աշխարհայացքի զարգացում, ՀՀ արտաքին քաղաքակնություն և, ի վերջո, օտար լեզուներ՝ 21-րդ դարի կյանքի արդիականացմանը համահունչ պահանջ: Իմ պրպտումներն ինձ տարան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժին՝ մի հետաքրքիր ու նոր աշխարհ, որտեղ ես բացահայտեցի արևելյան մշակույթի առանձնահատկությունները:

Քանի՞ տարի է հարկավոր թուրքերենին հավուր պատշաճի տիրապետելու համար:

Ես ԵՊՀ-ում թյուրքագիտություն ուսումնասիրել եմ չորս տարի և, առիթից օգտվելով, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ դասախոսական անձնակազմին լեզուների (և ոչ միայն) համակողմանի ուսուցանման համար: Քանի որ ժամանակի զարգացմանը զուգընթաց լեզուն ևս փոփոխվում է, ներառում նոր օրինաչափություններ, ապա կարծում եմ, որ լեզվին հավուր պատշաճի տիրապետելու համար այն պետք է ուսումնասիրել մեր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում:

Լիլիթ Այդինյան

Հայտնի է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հիմնական՝ մասնագիտական լեզվից բացի նաև այլ արևելյան լեզուներ են ուսումնասիրում: Կասե՞ք՝ թուրքերենից բացի էլ ուրիշ ինչ արևելյան լեզուների եք տիրապետում:

Իսկապես, ողջունելի է, որ արևելագիտության ֆակուլտետում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու մի շարք արևելյան լեզուներ՝ թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ադրբեջաներեն, եբրայերեն և այլն: Իմ հետաքրքրությունների շրջանակը կանգ առավ պարսկերենի, ադրբեջաներենի և օսմաներենի ուսումնասիրման վրա:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում նաև Թուրքիայի պատմությունն են ուսումնասիրում: Թուրքական պատմության ո՞ր ժամանակաշրջանն ենք ամենավառ կերպով հիշում և ինչով է դա պայմանավորված:

Թուրքիայի պատմությանը անդրադառնալով՝ կցանկանայի խոսել հայ թյուրքագետների կողմից հրատարակված Թուրքիայի Հանրապետության պատմություն դասագրքին, որը նախատեսված է բուհերի համար: Հեղինակները ձգտել են ներկայացնել հանրապետական Թուրքիայի պատմության ընդհանրական հոլովույթը և նրա առանձին շրջափուլերը՝ հնարավորինս օգտագործելով սկզբնաղբյուրները և զերծ մնալով գերքաղաքականացված մեկնաբանություններից ու գնահատականներից: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պատմական փաստերի վրա հիմնվելով՝ անաչառ քննության առնել այնպիսի թեմաներ, որոնք միտումնավոր աղճատված տեսքով էին ներկայացվում, օրինակ՝ քեմալական ազգայնամոլական շարժումը կամ էլ ազգային հարցը հանրապետական Թուրքիայում: Թուրքիայի պատմության էջերից կարող ես սովորել արտաքին քաղաքականության բազմակողմ դրսևորումներ՝ մասնավորապես քեմալական շարժման տարիներին: Չունենալով արտաքին հարաբերություններն իրականացնելու համար անհրաժեշտ օրինականություն՝ նրանք կարողացան հմտորեն օգտագործել գոյություն ունեցող հակասությունները և շահերի բախումները: Դիվանագիտական հնարների շնորհիվ նրանց հաջողվեց հասնել կարևոր նպատակի՝ Սևրի պայմանագրի վավերացման գործընթացի վիժեցմանը:

Լիլիթ Այդինյան

Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնում ուսումնառության շրջանում ո՞րն է եղել Ձեզ համար բարդագույն առարկան, որի քննությանը նախապատրաստվելիս տանջվել եք:   

Առհասարակ բոլոր քննություններին վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ և փորձում եմ  առավելագույնս պատրաստվել: Սակայն շատ ավելի ջանքեր եմ գործադրել թուրքերենի և Թուրքիայի պատմության քննություններին նախապատրաստվելիս:

Լիլիթ, ինչպե՞ս որոշեցիք մագիստրոսական կրթությունը ստանալ ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնում՝ քաղաքական ժուրնալիստիկա և PR տեխնոլոգիաներ մասնագիտացմամբ: Քաղաքական ժուրնալիստիկան ու թյուրքագիտությունը մո՞տ են:   

Բնույթով լինելով հետաքրքրասեր՝ ցանկանում էի բացահայտել նոր ոլորտներ, որտեղ կարող էի իմ ՝ արդեն ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառել: Եվ ուրախ եմ, որ չեմ սխալվել ու կարող եմ փաստել, որ առաջին հայացքից տարբեր այս ոլորտները ունեն շատ հետաքրքիր զուգահեռներ: Դեռ բակալավրիատի ուսումնառության տարիներին հստակորեն որոշել էի, որ մագիստրոսական կրթությունս շարունակելու եմ ՀՀ ՊԿԱ-ում, որի համար շատ ուրախ եմ:

ՀՀ ՊԿԱ-ում անվճար հիմունքներով սովորող ուսանողի գրաֆիկը շա՞տ է ծանրաբեռնված: Կհասցնի՞ արդյոք ակադեմիայի մագիստրանտը համատեղել ուսումն ու աշխատանքը:  

Համոզված եմ, որ ցանկության և մոտիվացիայի դեպքում ցանկացած ուսանող կարող է հաղթահարել անգամ գերծանրաբեռնված դասապրոցեսը, իսկ ինչ վերաբերում է ակադեմիայի դասերին, ապա յուրաքանչյուր թեմա ուսումնասիրել ենք համակողմանիորեն, իմ շատ սիրելի դասախոսները պատրաստակամ են և միևնույն ժամանակ՝ խստապահանջ,  և դա ավելի է պարտավորեցնում, որ անեմ առավելագույնը: Նշեմ, որ ինձ հաջողվել է անվճար ուսանելուն զուգահեռ նաև աշխատել:

Ակադեմիայում ուսումնառության տարիներին հասցրե՞լ եք մոռանալ թուրքերենը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում լեզուն չմոռանալու համար:

Չնայած բավականին հագեցած և, ինչու չէ, նաև ծանրաբեռնված օրեր եմ ունենում, բայց նույնիսկ ամենափոքր առիթը օգտագործում եմ սովորածս վերհիշելու և թուրքերենի վերաբերյալ նոր նյութեր ընթերցելու համար:  Այս ընթացքում ինձ օգնում են թուրքական լրատվական կայքերը:

Կպատմե՞ք ՀՀ ՊԿԱ-ում անցած Ձեր պրակտիկայի մասին:

Ուսումնական պրակտիկան անցել եմ Երևանի քաղաքապետարանում ՝ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում, ապա ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Տեսականորեն ձեռք բերած գիտելիքներս ավելի ամրապնդվեցին այս պրակտիկաների ընթացքում. հմտացել եմ իմ մասնագիտությանն առնչվող մի շարք կարևորագույն գործառույթների մեջ (պետական կառավարման համակարգի ուսումնասիրություն, մոնիթորինգ, կայքերի կառավարում, տեղեկատվության ճշգրիտ լուսաբանում և վերլուծություն):

Լիլիթ Այդինյան

Լիլիթ, հիմա Դուք Ձեզ ավելի շատ թյուրքագետ եք համարում, թե՞ քաղաքական ժուրնալիստ ու PR տեխնոլոգ:

Քանի որ ես այժմ ակտիվ ուսումնառության մեջ եմ և ձեր մատնանշած  ոլորտներից որևէ մեկում դեռ աշխատանքային մեծ փորձ չունեմ, ապա կարծում եմ՝ դա պետք է թողնել ապագային: Միաժամանակ լիահույս եմ՝ որ ոլորտում էլ սկսեմ աշխատել, ինձ համար, որպես սկսնակ մասնագետ, շատ հետաքրքիր հորիզոններ են բացվելու:

Շնորհակալություն հարցազրույցի համար։

Օլյա Շահինյան