տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Գրետա Սարգսյան (տնտեսագետ)

Ուսանողը. Գրետա Սարգսյան (տնտեսագետ)

1496
0
Գրետա Սարգսյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության տեսության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ  ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկեր կրթական ծրագրի մագիստրոս, Գերմանիայում գտնվող ԵՄ բիզնես դպրոցի (EU Business school) գործարար-վարչարարություն (MBA) կրթական ծրագրի մագիստրանտ Գրետա Սարգսյանն է:

Գրետա Սարգսյան
 
Գրետա, հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ եթե երեխան մաթեմատիկային լավ է տիրապետում, պետք է պատադիր տնտեսագետ դառնա: Ձեր դեպքում նույնպե՞ս այդպես է եղել:
 
Իմ դեպքում ճիշտ հակառակն է եղել։ Հայրիկս շատ երկար իր ափսոսանքն էր հայտնում այն փաստի առնչությամբ, որ ես պետք է տնտեսագետ դառնամ, երբ ունեմ սեր մաթեմատիկական առարկաների նկատմամբ։ Նա շատ էր ուզում, որ Կիրառական մաթեմատիկայի բաժին դիմեմ, բայց իհարկե երբեք որևէ բան ինձ չի ստիպել։ Իսկ ես փոքրուց ուզել եմ հենց տնտեսագետ ֆինանսիստ լինել։ Ավելին, արդեն ավարտելով՝ հասկանում եմ, որ հանրահաշիվ/երկրաչափությունը կամ այլ առարկայի բնույթը, որ դիմորդները քննություն են հանձնում, հետագա մասնագիտության հետ մեծամասամբ կապ չունի։ Շատ կուզեմ՝ աշակերտները
առարկաներով չառաջնորդվեն, այլ նախապատվությունը տան մասնագիտությանը։
 
Կասե՞ք, թե բարձրագույն կրթությունը ստանալու համար ինչպես նախապատվությունը տվեցիք ԵՊՀ-ին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկրում տնտեսագիտության ուղղությամբ մասնագիտացված առանձին բուհ կա՝ ՀՊՏՀ-ն:
 
Երբևէ այլ բուհ մտքովս անգամ չի անցել դիմել։ Մայր բուհի հանդեպ վերաբերմունքս միշտ առանձնահատուկ է եղել։
 
 
Գրետա, ներկայումս Գերմանիայում գտնվող ԵՄ բիզնես դպրոցում (EU Business school) գործարար-վարչարարություն (MBA) եք սովորում: Եթե փորձեք զուգահեռներ անցկացնել հայաստանյան և եվրոպական կրթական համակարգերի միջև, ի՞նչ հիմնական տարբերություններ կարող եք արձանագրել:
 
Որքան էլ շատ է հնչում այս տեսակետը, բայց պետք է կրկնեմ, որ արտասահմանյան կրթությունը ավելի պրակտիկ գիտելիք է տալիս։ ԵՊՀ-ում դասավանդվող ներկայիս ծրագրի մասին տեղյակ չեմ, բայց երբ ես էի ուսանող, մեծամասամբ խորությամբ ներկայացվում էր թեմայի տեսական հատվածը, մինչդեռ գործնական կիրառությունները, նրբությունները ավելի քիչ էին ուսումնասիրվում։ Գերմանիայում ճիշտ հակառակն է։ Անընդհատ փորձում են զարգացնել «քննադատական մտածողություն» (critical thinking), երբ տեսության կիրառումը փոխվում է դիտարկված իրավիճակի նրբություններից ելնելով։ Շատ կարևոր եմ համարում ասել, որ ԵՊՀ-ում դրված ամուր հիմքի շնորհիվ ինձ սովորելը Գերմանիայում ավելի հեշտ է։ Եվ մեկ այլ շատ կարևոր տարբերություն այստեղ, որ նկատել եմ, գնահատականների չափանիշներն են։ Հայաստանում, կարծում եմ, ուսանողների մինչև համեմատությունը գնահատակները որոշելիս կարևոր գործոն է, իսկ այստեղ 2 շատ տարբեր ուսանող կարող են նույն թվանշանը ստանալ՝ ելնելով ավարտական քննության ժամանակ իրենց գիտելիքներից։
 
Գրետա Սարգսյան
 
Գրետա, կթվարկե՞ք այն հիմնական ոլորտները, որտեղ կարող է իր գործունեությունը ծավալել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության տեսության և կառավարման
ֆակուլտետի շրջանավարտը:
 
Հարցը բարդ է, քանի որ մեր համալսարանում ունենք տարբեր բաժիններ։ Կառավարման ուսանողները կարող են լինել որևէ ընկերության տարբեր մակարդակների կառավարիչներ, վաճառքի մասնագետներ, մարքեթոլոգներ։ Ֆինանսների ուսանողները կարող են աշխատել որպես ռիսկերի կառավարիչներ, վարկային մասնագետներ։ Հաշվապահությունը մեկ այլ ոլորտ է, որտեղ կարող են ուսանողները մասնագիտանալ։ Եվ իհարկե միջազգային և պետական տարբեր կառույցներ, ինչպես եկամուտների պետական կոմիտեն է կամ կենտրոնական բանկը։
 
 
Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է գործարար-վարչարարությունը (MBA): Կարծում եմ, որ մեր ընթերցողներից շատերը գիտեն, որ այն ամենաակտուալ մասնագիտություններից է, բայց չգիտեն, թե որ ոլորտներում կարող է աշխատել համապատասխան որակավորումը ստացած անհատը:
 
Կարող եմ ասել Գերմանիայում գործող MBA համակարգի մասին։ Այն անհատները, որոնք ունեն բակալավրի աստիճան՝ անկախ մասնագիտությունից, ունեն 3 տարվա աշխատանքային փորձ և ցանկանում են թարմացնել իրենց գիտելիքները կամ մասնագիտանալ որպես որոշակի ոլորտի կառավարիչներ, դիմում են MBA ծրագրերի։ Որոշ կուրսընկերներս տնտեսագետ չեն, բայց իրենք իրենց բաժինների ղեկավար դառնալու համար սովորում են մեզ մոտ։
 
Ի՞նչ եք կարծում, լավ տնտեսագետ լինելու համար օտար լեզուների իմացությունը պարտադի՞ր է:
 
Ցանկացած մասնագիտության մեջ հմտանալու համար պետք են օտար
լեզուներ նվազագույնը միջազգային փորձ ուսումնասիրելու համար։
 
Գրետա Սարգսյան
Գրետա, արտերկրում նման պրակտիկա կիրառվում է, երբ տնտեսագիտության մեջ մասնագիտացված անձը տնտեսական մեկնաբան է դառնում, այդ ոլորտի լուրերն է լուսաբանում:
Հետաքրքիր է Դուք երբևէ նման մտադրություն ունեցե՞լ եք:
 
Շատ շնորհակալություն հրաշալի մտքի համար։ Երբեք այդ ուղղությամբ
չէի մտածել, բայց հիմա կսկեմ հետևել ու դիտարկել հնարավորությունները։
 
Գրետա Սարգսյան
 
Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, ոնքոր ուզում են մասնագիտական օտար լեզուն հավուր պատշաճի յուրացնել: Ի՞նչ դյուրին մեխանիզմներ կան օտար լեզուն հնարավորինս արագ յուրացնելու համար:
 
Նույնիսկ սխալներով, բայց շատ խոսել և դիտել ֆիլմեր տվյալ լեզվով։
Ինքս ֆիլմերի շնորհիվ եմ սովորել խոսակցական անգլերենը։
 
Գրետա Սարգսյան
 
Գրետա, ԵՊՀ-ում Ձեր մասնագիտական գրականությունը հիմնականում օտա՞ր լեզվով է եղել, թե հայերեն: Բոլո՞ր ուսանողների համար էր մատչելի օտարալեզու մասնագիտական գրականությունը:
 
Ես ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնք մեզ կարդացել են դասախոսություններ և հեշտացրել են մեր աշխատանքը գրականության
հետ աշխատելիս։ Բայց մեծամասամբ գրքերը ռուսերեն էին։ Ավագ ուսանողները մեզ օգնում էին ու փոխանցում էին իրենց թարգմանությունները։
 
 
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն ուսանողներին, որոնք
ուզում են իրենց կրթությունն արտերկրում շարունակել:
 
Լինեն ինքնուրույն, չթերագնահատեն իրենց գիտելիքները ու մաքսիմալ
արդյունավետ կիրառեն ժամանակը արտերկրում։ Պլանավորումը ևս կարևորագույն մաս է կազմում, չնայած որ համավարակը ստիպեց բոլորին մտածել հակառակը։
 
Օլյա Շահինյան