Araratnews.am-ը ամանորյա հարցազրույցների շարք է սկսել հայ հայտնիների, քաղաքական գործիչների հետ: Մեր զրուցակիցն է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք նշեցիք այս տարի Ամանորը:
Ինչպես անցյալ տարի` ընտանիքի հետ:
Նախորդից այն ինչո՞վ տարբերվեց:
Գրեթե ոչնչով:
Հատուկ կերակրատեսակ, խմիչք կամ ավանդույթ կա՞, որին հետեւում եք:
Բացարձակ, ընդհանրապես չենք պատրաստվելու Ամանորին և ամանորյա սեղան չենք գցելու:
Հիշարժան ուրախ Ամանորը Ձեր կյանքում:
Բոլոր Ամանորներն էլ ինձ համար ուրախ են:
Երբեւե եղե՞լ է, որ ձեր երեխաների համար կամ ընդհանրապես Ձմեռ պապիկ լինեք:
Ես չէ, բայց հայրիկս մանկությանս տարիներին եղել է իմ, ապա նաև երեխաներիս Ձմեռ պապիկը:
Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:
Երեխաներիս հետ եմ ընտրում:
Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:
Ամանորյա գնումներ չենք կատարում:
Առողջապահական մոտեցումը Արսեն Թորոսյանի ամանորյա սեղանին երեւո՞ւմ է:
Այո, երևում է, քանի որ այն ոչնչով չի տարբերվում ամենօրյա սեղաններից:
Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:
Աշխատում եմ չստանալ և չնվիրել:
«Բժիշկ Այբոլիտ» խաղալիք երբեւէ նվեր ստացե՞լ եք:
Տղաս է ստացել, բայց ոչ ինձանից:
Ինչքա՞ն գումար եք ծախսել Ամանորին:
Հիմնականում ծախսել ենք երեխաների նվերների համար:
Ձեր մանկության Նոր տարին այսօրվանից շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:
Այն ժամանակ ավելի տպավորիչ էր, որովհետև առնվազն խորհրդավորության քողի ներքո էր ամեն ինչ անցնում, երբ դեռ Ձմեռ պապիկի էի հավատում և այլն: Հիմա պարզապես փորձում եմ այդ օրերին ընտանիքիս հետ լինել և հանգստանալ:
Ո՞ւմ եք առաջինը զանգահարել, շնորհավորել Ամանորի գիշերը:
Այցելել եմ ծնողներիս և իրենց անձամբ շնորհավորել:
Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, ստալիչնիի: Եթե այո, ապա դրանց ինչը պետք է փոխարինի:
Իհարկե, պետք է փոխարինի առողջ սնունդը, որը մենք փորձում ենք ամեն օր ընդունել:
2020 թ-ը սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:
Ոչինչ չեմ ակնկալում: Ընդհանրապես հորոսկոպներին և տարբեր կենդանակերպի նշաններին չեմ հավատում:
Սոնա Դավթյան