տուն Աշխարհ Հայ-ադրբեջանական հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. Տիգրան Բալայան

Հայ-ադրբեջանական հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. Տիգրան Բալայան

172
0

Հուլիսի 21-ին Nederlands Dagblad թերթը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի խմբագրական հոդվածը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք բալայանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից: 

Հոդվածն ամբողջությամբ` ստորեւ.

«Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավելու Հայաստանի սահմանային հենակետերը, որի արդյունքում երկու կողմերից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ․ կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմին. ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տեւած պատերազմը խլեց 35000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորվելու վերջինիս մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից եւ հանձնվել Ադրբեջանին 1921թ․ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։ Հրետանու կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, քանի որ այն թիրախավորել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր եւ տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքեր վտանգելով։ Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին, սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են․ Ադրբեջանը բախվել է է ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են, ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումներ ենթարկվում, նավթի գները կտրուկ անկումը, համավարակի հետեւանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք)։ Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները բարձրացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսեւորել Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաեւ՝ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։ Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը եւ անպատասխանատու վարքագիծ է դրսեւորում հստակորեն երեւում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է․

«Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ եւ վախ տարածելու նպատակով։

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքիայի սադրիչ դերը, մասնավորապես, վերջինիս բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառման բացահայտ աջակցութունը եւ Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։

«Մենք երբեք չեն լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչեւ վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Վերջին օրերին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ սահմանի երկայնքով բարձրացվել էին ռազմական ինքնաթիռներ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ․ միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի։ Ակտիվացվել է նաեւ Ադրբեջանին զենքի մատակարարումը․ վտանգավոր քայլ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռեւս չի դատապարտվել ՆԱՏՕ-ի անդամների կողմից։ Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի, որի հետեւանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը եւ փախստականների հոսքերը։ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը եւ կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը եւ խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի վերջինիս եւ հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ․ զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տեւական խաղաղության հեռանկար»: