Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվեց համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։
Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Երկու երկրների նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը
— կլիմայի փոփոխության
— կենսաբազմազանության պահպանման
— ջրային ռեսուրսների կառավարման
— շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման
— վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման
— բնական ռեսուրսների կայուն օգտագործման
— էկոտուրիզմի
— և ոլորտին առնչվող այլ հարթություններում: