տուն Քաղաքական Հայաստան Ինչ կլինի, եթե թոշակառուները չկարողանան վճարել գույքահարկը

Ինչ կլինի, եթե թոշակառուները չկարողանան վճարել գույքահարկը

177
0

Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները շատ մեծ արձագանք ստացան հանրության շրջանում:

Համացանցում եղան տարբեր գրառումներ, ակցիաներ, որոնք զուգորդված էին մեղադրանքներով:

Ամենաշահարկվող հարցերից էր թոշակառու տատիկ-պապիկների գույքահարկ վճարել կարողանալ-չկարողանալու հարցը:

Թեև պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել էր այս հարցին դեռ ԱԺ-ում, բայց այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին նա ևս մեկ անգամ անդրադարձավ արծարծվող խնդրին:

«Այն տատիկ-պապիկները, ովքեր թոշակառու են և բացի թոշակից այլ եկամտի աղբյուր չունեն, եթե անգամ չկարողանան վճարել գույքահարկը,իրենց հետ ոչինչ տեղի չի ունենա: Այսինքն՝ իրենց թոշակների վրա արգելանք չի դրվի, որովհետև թոշակի վրա արգելանչ չի դրվում: Եվ ոչ էլ  իրենց բնակարանները իրենց ձեռքից կառնեն»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

ԱԺ պատգամավորը կուտակված պարքը մարելու հարցի լուծման եղանակն էլ առաջարկեց։

«Այդ հարկը կկուտակվի այնքան ժամանակ, մինչև այդ տատիկ-պապիկները իրենց բնակարանը կթողնեն ժառանգություն և ժառանգություն ստացողը կվճարի տվյալ բնակարանի կամ տան գույքահարկը: Կամ էլ կկուտակվի այնքան ժամանակ, մինչև վերջիններս կցանկանան վաճառել իրենց տունը: Եվ վաճառքն իրականացնելու ժամանակ էլ կլուծվի այս հարցը»,- ընդգծեց պատգամավորը:

Հայկ Մագոյան