տուն Մամուլ Ինչո՞ւ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում․ «Ժողովուրդ»

282
0

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Ավելի քան երկու ամիս է, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր, ինչ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին եւ մինչ այդ դեղատներում այն նույնիսկ 30 դրամով վաճառելուն՝ այսօր դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ որակը. որեւէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ: Եվ, չնայած դրան, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչեւ 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, մայիսի 4-ից արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել եւ անվտանգ ապրել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։