տուն ժամանց Շոու-բիզ Հայաստանի Ձայնը 2-ի նկարահանման հրապարակը թեժ էր

Հայաստանի Ձայնը 2-ի նկարահանման հրապարակը թեժ էր

103
0

Երեկ մասնակցել եմ Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլի նկարահանմանը: Առաջինն, ինչն աչքի զարնեց, այն էր, որ նկարահանման հրապարակը` պավիլիոնը, զգալիորեն փոքր էր, քան տպավորվել էր հեռուստացույցով դիտելիս: Ինչը խոսում է լավ ռեժիսորական աշխատանքի մասին: Ի դեպ, պարզվեց, որ հաղորդման ռեժիսորն է հանրահայտ Հրաչ Քեշիշյանը: Նախքան նկարահանման սկիզբը նա հանդիսատեսին մանրակրկիտ եւ հանգամանորեն բացատրեց, թե ինչպես պիտի վերջիններս իրենց պահեն նկարահանման ընթացքում:

Սրահը լեփ-լեցուն էր, դա, թերեւս, հաղորդման բարձր վարկանիշի լավագույն ապացույցն է: Բուռն ծափահարություններով դիմավորեցին նախագծի մարզիչներին` Միքայել Պողոսյանին, Քրիստինե Պեպելյանին, Հայկոյին եւ Շուշան Պետրոսյանին: Շուշան Պետրոսյանն իր համար ընտրել է առավել սուր եւ բաց խոսող ժյուրիի կերպարը, Հայկոն` ավելի սրտացավ` նա կարծես փորձում է բոլորին մխիթարել, ցույց տալ, որ ամեն ինչ դեռ առջեւում է, որպեսզի ոչ ոք տխուր չլքի նախագիծը: Քրիստինե Պեպելյանն ամենից մանրամասն է բացատրում իր ամեն մի որոշումը, ոչինչ չի թաքցնում, պարզ երեւում է, թե նա ում կատարումը հավանեց, ումը` ոչ: Միքայել Պողոսյանը մտքերն արտահայտում է լակոնիկ, նրան ի սկզբանե այնպես ներկայացրեցին, որ ինչ-որ խորհրդավոր կերպար ստացավ եւ այժմ ինչ ասում է` շատ խելացի եւ ճիշտ է թվում:

Հաղորդման վրա ահռելի թիմ է աշխատում, այս ու այն կողմ վազվզող աշխատակիցներից երեւում էր, որ նման մեծ նախագիծն իրականացնելը մեծ ջանքեր է պահանջում:

Մասնակիցների ընկերներն ու բարեկամները մարտական էին տրամադրված, ամեն կատարումից առաջ` մինչեւ մասնակցի մուտքը, նրանք գալիս էին դիմավորելու` զինված պաստառներով, նկարներով, նույնիսկ դրոշներով, իրար կեսլուրջ-կեսկատակ ահաբեկող նշաններ էին անում, սակայն անկախ այդ ամենից, հաղորդման ընթացքում ընդհանուր մթնոլորտը շատ դրական, ընկերական էր, նույնիսկ նախագիծը լքողները շատ չէին տխրում: Մասնակիցներին հատկապես սփոփեց երգչուհի-մարզիչ Քրիստինե Պեպելյանի ակնարկը, որ նախագծից դուրս մնացած մասնակիցների հետ կապված նա դեռ մեծ ծրագրեր ունի:

Ամբողջ նկարահանման ընթացքում կռվի, մարտի, մրցակցության մթնոլորտ զգացվում էր միայն հաղորդավարներ, ավելի ճիշտ հանդիսավարներ, ինչպես նրանց կոչում էր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, Նազենի Հովհաննիսյանի ու Հովհաննես Ազոյանի դիալոգներից, հաղորդավարները` միմյանց մասին հումոր էին անում` դահլիճում տրամադրություն ստեղծելով եւ ոգեւորելով հանդիսատեսին: Բարձրահասակ հաղորդավարուհին` անհավանական բարձր կրունկների վրա էր, նրա եւ սիրված դերասանի հասակների տարբերությունն էլ ավելի էր ընդգծված, ի դեպ, Հովհաննեսն ինքն էլ էր իր հասակի թեմայով հումորներ անում, ինչը վկայում է նրա ինքնավստահության մասին: Շոուն միանշանակ ստացված էր:

 

Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here