տուն Քաղաքական Հայաստան «Էջմիածին» ջուրօգտագործողների ընկերությունից հավաստիացնում են` Ակնալիճ համայնքի ոռոգման ջրի հարցը կլուծվի

«Էջմիածին» ջուրօգտագործողների ընկերությունից հավաստիացնում են` Ակնալիճ համայնքի ոռոգման ջրի հարցը կլուծվի

321
0

Զարգացած գյուղական համայնք ունենալը բխում է մեզնից յուրաքանչյուրի շահերից: Եվ այսօր էլ հայ գյուղացին բազմաթիվ խնդիրներ ու հոգսեր ունի: Հայ գյուղացու բազկի ուժի, հողի հետ նրա կապի և գյուղը սիրելու շնորհիվ է, որ այսօր չլուծված խնդիրներով հանդերձ՝ գյուղացին շարունակում է շենացնել համայնքը:

Գյուղական համայքների խնդիրները շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Եվ, առհասարակ, մշտապես Araratnews.am լրատվականը արձագանքում և բարձրացնում է հանրությանը հուզող ցանկացած խնդիր:

Այս օրերին գյուղական համայնքներում առավել շատ հանդիպող խնդիրների շարքում է հողատարածքների ու այգիների ոռոգման ջրի հարցը:

Հերթական ահազանգն ստացանք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից:

Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց, որ ոռոգման ջուրն արդեն տևական ժամանակ է՝ դարձել է լուրջ խնդիր: Արմավիրի մարզի Ակնալիճ և Արշալույս համայնքների միջնամասում կան հողատարածքներ, որտեղ գյուղացիները բանջարաբոստանային մշակաբույսեր, մասնավորապես, լոլիկ են աճեցնում, բայց ջրի հարցը լուրջ է:

«Շատ դժվար է գյուղացու կյանքը: Արևի տակ բերք ենք մշակում: Հիմա էլ ջուր չկա, որ ժողովուրդը կարողանա հող մշակի`եկամուտ ստանա: Այս խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք, դիմել ենք, բայց այդպես էլ լուծում չի ստացել: Սա մեկ օրվա հարց չէ: Մեր ամբողջ տարվա եկամտի հարցն է: Լոլիկը չի կարող առանց ջուր աճել»,- ասում է հողը մշակող, իր գյուղը սիրող, լոլիկ աճեցնելով իր ամբողջ տարվա եկամուտը հոգացող գյուղացիներից մեկը:

Խնդիրը լսելուց հետո առաջին քայլը եղավ Արմավիրի մարզպետարան զանգահարելը: Մարզպետարանից մեզ ուղղորդեցին, որպեսզի խոսենք «Էջմիածին» ջուրօգտագործողների ընկերության տնօրինության հետ:

«Էջմիածին» ջուրօգտագործողների ընկերության ղեկավար Արամ Սարգսյանն արդեն տեղյակ էր խնդրի մասին:

«Քիչ առաջ համայնքի բնակիչներն այստեղ էին: Խնդիրը պարզ է: Համապատասխան մասնագետի հանձնարարել եմ: Գյուղացիների հետ միասին գնացել են համայնք`խնդիրը կարգավորելու»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ջուրօգտագործողների ընկերության ղեկավարը խնդրի առնչությամբ պարզաբանում է, որ նշված տարածքներ ջուրը շատ դժվարությամբ է հասնում, քանի որ ամենածայրամասային հատվածներն են:

«Այդ խնդիրը մշտապես եղել է, այնպես չէ, որ նոր է առաջացել: Ամեն դեպքում ես հանձնարարություն տվել եմ, որպեսզի գնան տեղում կարգավորեն` ջրի համապատասխան չափաքանակն ապահովելու համար»,- հավաստիացրեց Արամ Սարգսյանը:

Լիահույս ենք, որ ոռոգման ջրի հարցը վերջապես կլուծվի և գյուղացիները կկարողանան մշակել իրենց բերքը, որպեսզի կարողանան եկամուտ ստանալ: Ինչ իմանաս, շուկայում լոլիկ գնելիս հնարավոր է պարզվի, որ գնածդ լոլիկը հենց Ակնալիճ և Արշալույս համայնքներում աճեցվածն է: Գյուղացիները խոստացան, դրական տեղաշարժի դեպքում կտեղեկացնեն, իսկ մենք կարձանագրենք ու կպատմենք այդ մասին:

Հայկ Մագոյան