տուն Քաղաքական Հայաստան Երբեւէ չենք շարժվել մեր ընդդիմադիրներին լռեցնելու արատավոր երևույթը շարունակելով. Արմեն Փամբուխչյան

Երբեւէ չենք շարժվել մեր ընդդիմադիրներին լռեցնելու արատավոր երևույթը շարունակելով. Արմեն Փամբուխչյան

125
0

«Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող երևույթներին, խոսեց ժողովրդի կողմից մերժված քաղաքական ուժերի և վերջիններիս շուրջ հավաքվող խմբակների ու խմբավորումների մասին:

Պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ևս մեկ անգամ ընդգծեց այն կարևոր փաստը, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում սկսվել է մի պրոցես, որտեղ հանրությունը, քաղաքացիները իրենք են որոշողը, և իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Մեր երկրում կան ուժեր, որոնք մերժված ուժեր են, և կան մերժված ուժերին հարող ինչ-որ նոր խմբավորումներ կամ խմբակներ: Մեկ-երկու հոգի հավաքվելով ստեղծել են կուսակցություն: Չեն զլանում և միանգամից պահանջում են կառավարության հրաժարականը, որը քաղաքագիտական և, առհասարակ, պրակտիկորեն չի կրող տեղի ունենալ, որովհետև նախ այդ ուժերը պետք է որոշ չափով փորձեն կայանալ, այնուհետև ներկայացնեն ինչ-ինչ պահանջներ»,- ասաց Արմեն Փամբուխչյանը և շեշտեց, որ ՀՀ քաղաքացու կողմից մերժված քաղաքական ուժերը, ունենալով սեփական մեդիա, փորձում են դաշտում ֆոն ստեղծել, թե իրենք ընդդիմություն են: Բայց, պատգամավորի պնդմամբ, վերջիններս աղերս չունեն ընդիմություն ասվածի հետ:

Արմեն Փամբուխչյանը վերն ասվածի առնչությամբ փաստեր ներկայացրեց և հավաստիացրեց, որ իրականությունը բոլորովին այլ է. «Վերջին շրջանում տեղի ունեցած հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գործող կառավարությունը ունեն ժողովրդի վստահությունը, իսկ ժողովուրդը չի ուզում անգամ լսել ընդդիմադիրների կամ այլ ուժերի մասին»:

Արմեն Փամբուխչյանը խոսեց նաև քաղաքական որոշ ուժերի ու խմբավորումների դեմ պայքարելու մասին՝ հստակեցնելով, որ իրենք ընտրել են օրինականությամբ հարցերը լուծելու ճանապարհը. «Մենք գնում ենք միայն օրինական ճանապարհով և ոչ մի ապօրինի միջամտություն չենք կատարում այս կամ այն անձին լռեցնելու համար: Ճիշտ է, կան մեղադրանքներ, թե որոշ քրեական իրադարձություններ քաղաքական պրոցեսներ են, բայց դրանք նույնպես սուտ լուրերի շարքից են, քանի որ մենք երբևէ չենք շարժվել մեր ընդդիմախոսներին լռեցնելու արատավոր, ոչ օրինական երևույթը շարունակելով»:

Հայկ Մագոյան