Գործից դուրս զբաղվում է ընթերցանությամբ, ֆիլմեր է դիտում, նկարում է, հանդիպում է ընկերներին…
Դուք հանրությանը առավել հայտնի դարձաք «Լավ երեկո» հաղորդաշարից: Այժմ նկարահանվում եք նաև սիթքոմերում: Որքանո՞վ են համատեղելի լրագրությունն ու դերասանությունը:
Ես ինձ դերասան չեմ համարում: Իսկ լրագրությունն ու դերասանությունը համատեղելը կապված է նախագծի ֆորմատից: Եթե ձևաչափը թույլ է տալիս, դերասանական ունակություններս օգտագործում եմ: Երբեք լրագրությունն ու դերասանությունը համատեղելու խնդիր չեմ ունեցել: Իմ դեպքում երկուսն էլ տարանջատված են:
Դուք Ազատ Գասպարյանի թոռնուհին եք: Կարող ենք ասել, որ գեներն իրենց գործն արել են: Հնարավո՞ր է մի օր Ձեզ տեսնենք նաև թատրոնում:
Ճիշտն ասած՝ ես ինձ դեռ չեմ տեսնում թատրոնում: Եթե մի օր որոշեմ խորացնել իմ ունակությունները, գուցե ինչ-որ կուրսեր անցնեմ: Ամեն դեպքում, թատրոնում խաղալու համար դերասանական կրթություն է պետք: Մի օր գուցե`կյանքում ամեն ինչ լինում է, բայց այս փուլում դեռ դերասանի ինքնավստահությունս թույլ չի տալիս, որպեսզի թատրոնի բեմ բարձրանում:
Ի՞նչ դերակատարում է ունեցել Ազատ Գասպարյան դերասանը եւ պապիկը Ձեր կյանքում: Ի՞նչ խորհուրդներ էր տալիս, երբևիցե սաստել կամ պատժե՞լ է։
Այն միտքը, որ Ազատ Գասպարյանի թոռնիկն եմ, արդեն մեծ պատասխանատվություն է ինձ համար: Պապիկս շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ ինքնագիտակցության զարգացման վրա: Երբ երեխա էի, շատ ժամանակ էի անցկացնում նրա հետ: Եվ նրա հետ շփումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել ինձ վրա: Հիշում եմ, որ միասին ամենատարբեր թեմաներ էինք քննարկում կյանքի, ապագայի, իմ կրթության, մասնագիտության ընտրության հետ կապված… Այդպիսի դեպք չեմ հիշում, որ պապիկս ինձ պատժեր…
Դուք ավելի լավ լրագրո՞ղ եք, թե՞ դերասան: Ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:
Ես լրագրող եմ`սրանով ամեն ինչ ասված է…
Գիտեմ, որ փոքր տարիքում շախմատով եք զբաղվել: Ո՞ւմ հետ էիք սիրում շախմատ խաղալ և ինչու թողեցիք այդ զբաղմունքը:
Կար մի շրջան, որ հաճախում էի շախմատի, որովհետև դուրս գալիս էր: Դեռ փոքր տարիքից մաթեմատիկայից լավ էի, ու տրամաբանությունս բավականին զարգացած էր, և այդ տարիքում շախմատն ինձ հետաքրքիր էր: Բայց չեմ կարող առանձնացնել իմ կյանքում շախմատը որպես առանձնահատուկ երևույթ: Հաճախել եմ՝ ինչպես կհաճախեի ցանկացած այլ սպորտաձևի…
Կարելի է ասել՝ «Լավ երեկոն» ինքնադրսեւորման լավ հարթակ էր Ձեզ համար, որտեղ մեկտեղվեցին լրագրողական եւ դերասանական հմտությունները։ Ինչպե՞ս ստացվեց Ձեր մասնակցությունը հաղորդաշարին։
Ես ունեի իմ անձնական էջը` «Փինկ թիվին», որտեղ «Ֆեյսբուքով», «Յութուբով» և տարբեր այլ հարթակներով զբաղվում էի այլընտրանքային լրագրությամբ՝ մոտավորապես այն, ինչ անում էի «Լավ երեկո»-ում: «Փինկ թիվին» որոշակի հաջողություններ ունեցավ իր տեսակի մեջ: Առաջին հայկական բլոգերից էր: Այդ ժամանակ ես աշխատում էի լրագրող մեկ այն հեռուստաընկերությունում: Եվ հարցազրույց էի վերցնում «Վիտամինի» սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանից, որն այժմ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է: Երբ ինքն ինձ տեսավ, ճանաչեց և ասաց, որ ուզում են առաջարկել այսպիսի մի հաղորդման մեջ ունենամ իմ մասնակցությունը: Պետք է ասեմ, որ ես շատ ոգևորվեցի և բնականաբար համաձայանեցի…
Հանրային մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են և բացի հաճոյախոսություններից, շատ հաճախ լսում են նաև իրենց ուղղված քննդատություններ: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում քննադատություններին:
Սկզբնական շրջանում քննադատություններին շատ կարևորություն էի տալիս: Կարդում էի բոլոր քոմենթները, ամեն ինչ շատ լուրջ էի ընդունում։ Հիմնականում, եթե համացանցի տիրույթում նայենք քննադատությունները, շատ չմտածված են: Այն մարդիկ, ովքեր ոլորտի մեջ են և ավելի շատ կառուցողական քննադատություն են անում, բավականին դրական եմ նայում: Ավելին ասեմ, շատ ուրախանում եմ, որ մարդիկ քննադատում են և ուզում են ինձ օգնել ավելի զարգանալ, ավելի կատարելագործվել:
Ձեր մատուցածը հեռու է լուրջ լրագրությունից: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
Իմ կարծիքով՝ այն լրագրությունը, որով ես զբաղվել եմ «Լավ երեկո»-ում, բավականին լուրջ լրագրություն է: Չեմ ընդունում, որ ասում են՝ վերադառնամ լուրջ լրագրության, որովհետև շատ ավելի լուրջ խնդիրներ եմ բարձրացրել հանրության շրջանում հատկապես այդ նախագծի ընթացում: Եվ պետք է ասեմ, որ մինչ այդ աշխատել եմ այլ թիվիում, ռադիոյում, թերթում, բայց այն, ինչ արել եմ «Լավ երեկո»-ում, շատ ավելի բարդ էր: Որովհետև հաղորդման ընթացքում շատ պրոբլեմներ եմ ցույց տվել:
Իմ կարծիքով, ժուռնալիստիկան պետք է լավ փաթեթավորում ունենա: Իմ պարագայում ժամանցը կամ ծիծաղելի էլեմենտները համեմում են ժուռնալիստիկան, դարձնում են մարդկանց ավելի հետաքրքիր:
Դուք ունեք հետևորդների մեծ բանակ: Զրույցի վերջում կխնդրեի պատմել, թե առաջիկայում ի՞նչ նորություններով կզարմացնեք հեռուստադիտողներին։
Նոր պլաններ ունեմ, որոնց մասին չեմ ուզում շատ մանրամասնել: Բացի «Կինստագրամից», ևս երկու պրոյեկտ պատրաստվում էի այս եթերաշրջանում ներկայացնել, բայց, կապված կորոնավիրուսի հետ, չկարողացանք ներկայացնել: Դրանք երկուսն էլ հանդիսատեսով պրոյեկտներ էին: Հիմա ես լրիվ ուրիշ նախագծի վրա եմ աշխատում, որը լինելու է և լրագրողական, և ռեալիթի ֆորմատով, բայց այն դեռ նախնական փուլում է:
Հայկ Մագոյան