տուն Հասարակություն Իրավական Եթե ՍԴ անդամները խախտեն օրենքը` վրա է հասնելու պատասխանատվության ինստիտուտը. փաստաբան

Եթե ՍԴ անդամները խախտեն օրենքը` վրա է հասնելու պատասխանատվության ինստիտուտը. փաստաբան

233
0

Սահմանադրական դատարանի և նրա երեք անդամների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած որոշումը առաջացրել է աղմուկ, և վերջիններս բնականաբար չեն համակերպվում նոր իրողությունների հետ:

Այս համատեքստում հայտարարություններով հանդես եկան ինչպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, այնպես էլ դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Նրանց խոսքերից պարզ է դառնում, որ իրենք համաձայն չեն օրենքի այս նախագծի հետ: Օրինակ՝ Հրայր Թովմասյանն այսպիսի կարծիք էր հայտնել, որ շարունակելու է ամեն օր գնալ աշխատանքի:

«Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվելու»,-սրանք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հրայր Թովմասյանի ասված  խոսքերն են:

Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս անդամների արտահայտած կարծիքների շուրջ զրուցեցինք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

«Ուժի մեջ մտած օրենքները ենթակա են կատարման ՀՀ քաղաքացիների համար` առանց բացառության: Եվ կապ չունի, թե այդ քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն այս կամ այն օրենքի նկատմամբ»,- ասաց փաստաբանը:

Ստացվում է, որ վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե ՍԴ անդամները խախտեն օրենքը, կենթարկվեն պատասխանատվության:

«ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև: Եթե Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել ցանկացած օրենք կամ սահմանադրական նորմ` այդ ներմերը ենթակա են կիրառման ՀՀ ողջ տարածքում և բոլորի նկատմամբ: Հետևաբար, եթե որևէ մեկը կհրաժարվի կատարել ՀՀ սահմանադրության օրենքների պահանջները, բնականաբար վրա է հասնելու պատասխանատվության ինստիտուտը»,- փաստաբան Նորայր Նորիկյանը հնչեցրեց վերն ասվածի իրավաբանական ձևակերպումը:

Իրավաբան Նորայր Նորիկյանի հետ զրուցեցինք նաև ընդդիմադիր թևի ներկայացուցիչների այն հայտարարությունների մասին, որ նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ըստ իրենց` օրենքի ընդունումը հակասահամանադրական է:

«Սահմանադրական դատարանը, այսպես ասած, սեփական պատկերացումներով չի առաջնորդվում` ՍԴ դիմած դիմումները վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին: Գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք, որտեղ հստակ սահմանված են այն սուբյեկտները, որոնք կարող են որոշակի հարցերի վերաբերյալ դիմել Սահմանադրական դատարան»,- նշեց Նորիկյանը:

Փաստաբանն ընդգծում է, որ կապ չունի` անկախ նրանից, թե դիմողն ով է, եթե Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով սահմանված կարգով կներկայացնի համապատասխան դիմում, որը կհամապատասխանի սահմանադրական օրենքի պահանջներին, բնականաբար, այդ դիմումը կընդունվի վարույթ, իսկ եթե չի համապատասխանի` վարույթ չի ընդունվի:

Հայկ Մագոյան