ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել, որով նախատեսվում է պատշաճ վարքագիծ դրսեւորող դատապարտյալների համար որոշակի արտոնություններ սահմանել, ինչպես նաև հստակեցումներ մտցնել քրեակատարողական օրենսդրության մեջ:
Կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ընդունման դեպքում:
Ըստ Մարուքյանի` կառավարության կողմից 2006 թվականին ընդունված որոշումներից մեկով սահմանվել են այնպիսի նորմեր, որոնք ենթադրում են ֆիզիկական անձնաց իրավունքների սահմանափակումներ: Խոսքը մասնավորապես ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դատապարտյալների որոշակի իրավունքների սահմանափակման, ուղղիչ հիմնարկում արգելվող գործողությունների ցանկի սահմանման մասին է: «Տվյալ դեպքում ենթաօրենսդրական ակտով սահմանվել են այնպիսի նորմեր, որոնք կարող են կարգավորվել միայն օրենքի մակարդակով»,- նշված է պատգամավորի նախագծի հիմնավորման մեջ:
Դատապարտված անձանց հետագա սոցիալիզացիան հեշտացնելու համար նախագծով առաջարկվում է սահմանել մինչեւ 30 տարեկան դատապարտյալների պարտադիր միջնակարգ կրթությունը: 30 եւ ավելի տարեկան անձանց դեպքում նորմը պարտադիր բնույթ չի կրում:
«Պատիժը կրելու սահմանված կարգի խախտումներ թույլ չտված ուղղիչ հիմնարկում պատիժ կրող հղի, կերակրող մայր եւ մանկահասակ երեխաներ ունեցող դատապարտյալ անձանց համար իրենց ընտանիքների հետ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում գտնվող բնակելի տարածքում բնակվելու հնարավորություն է նախատեսվում, ինչը կարեւոր խթանիչ գործոն կհանդիսանա դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելու, հասարակության՝ մասնավորապես իրենց երեխաների համար պիտանի լինելու փաստը գիտակցելու եւ հետեւաբար ուղղվելու համար: Առաջարկվող դրույթը բխում է նաեւ 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 9-րդ հոդվածի դրույթներից:
Առաջարկվում է սահմանել, որ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալ կանանց հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանակաշրջանում տրամադրում է անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խմբի անձիք հատկապես խոցելի են, ինչպես նաեւ առողջապահության, մայրության եւ մանկության պաշտպանության նկատառումներով:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով դատապարտյալի անձի բնութագիրը, նրա վարքագիծը, կապը երեխայի հետ եւ ազդեցությունը, նախատեսվում է դատապարտյալի՝ ազատության մեջ, բայց պետական հատուկ հաստատությունում պահվող երեխաների հետ կարճատեւ ու երկարատեւ տեսակցությունների հնարավորություն:
Նույնկերպ, նախագծով առաջարկվում է սահմանել ուղղիչ հիմնարկից դուրս հաշմանդամ երեխա ունեցող դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու հնարավորություն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: