Գործից դուրս Դիանա Գասպարյանը սիրում է գիրք կարդալ և ֆիլմ դիտել: Այդպես եղել է միշտ՝ մինչև քաղաքապետ լինելը, այսօր, և հուսով եմ՝ նաև վաղը:
Երբևէ պատկերացրե՞լ եք, որ կարող է լինեք քաղաքապետ, և այնուամենայնիվ, երբ ընտրվեցիք ղեկավար պաշտոնում, վախեր չե՞ք ունեցել այդ հսկայական պատասխանատվությունից։
Չնայած միշտ եղել եմ քաղաքականապես ակտիվ, ամեն դեպքում երբևէ չեմ պատկերացրել ինձ քաղաքականության մեջ, հատկապես ՏԻՄ-ում: Վախեր եղել են, դրանք հաճախ լինում են նաև այսօր՝ այս կամ այն որոշումը կայացնելիս: Դրանց պատճառն ամենևին անինքնավստահությունը չէ. կարծում եմ, եթե պատասխանատվությամբ ես մոտենում քո առջև դրված խնդրին, միշտ պետք է քեզ հարց տաս՝ ճիշտ է արդյոք այս կամ այն քայլը, թե ոչ:
Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
Հաջողակ լինելու կամ չլինելու չափանիշ չկա ինձ համար: Դժվար է ասել՝ մարդը հաջողակ է, թե ոչ, քանի որ չես ապրում իր կյանքով կամ չգիտես՝ նա ինչ է զգում: Կողքից տպավորությունը միշտ կարող է խաբուսիկ լինել: Ամեն դեպքում, եթե ինձ պայմանականորեն համարեմ հաջողակ, ապա դրա գաղտնիքը կնշեմ անկեղծությունը:
Ձեր ընտրվելուց կարճ ժամանակ անց քաղաքում նկատելի են դրական փոփոխություններ: Այսօր ի՞նչ առաջնային խնդիրներ ունի Էջմիածինը:
Շնորհակալ եմ գնահատականի համար: Էջմիածնի խնդիրները բազմաթիվ են, առաջնայիններից են ինձ համար, թերևս, մայթերի, ճանապարհների վիճակը, կանաչ գոտիների, այգիների պակասը:
Ձեր՝ ղեկավար կնոջ կերպարը շատ աղջիկների համար հրաշալի օրինակ է: Ի՞նչ խորհուրդներ կտաք նրանց:
Ուրախ կլինեմ, եթե իմ կերպարով ոգեշնչեմ որևէ կնոջ: Իսկ որպես խորհուրդ կանանց կասեմ հետևյալը. երբևէ մի վախեցեք լինել կանացի, գեղեցիկ, խնամված, օգտագործել ձեր բնատուր հմայքը: Կանացի լինելը երբևէ չի նշանակում լինել թույլ. կինը կարող է հաջողությամբ համատեղել և մեկտեղել իր մեջ մի քանի հատկանիշ ու կարողություն՝ լինել և՛ հաջողակ աշխատավայրում, և՛ հոգատար՝ ընտանիքում: Մյուս խորհուրդս կլինի երբևէ չդադարել երազել:
Երիտասարդ ու գեղեցիկ կին, հաջողակ գործիչ Դիանա Գասպարյանին ի՞նչ է պակասում կատարյալ երջանիկ լինելու համար:
Ընտանիք, երեխա:
Լինելով միակ կին քաղաքապետը՝ միշտ ուշադրության կենտրոնում եք: Անընդհատ խոշորացույցի տակ լինելը չի՞ խանգարում աշխատանքում:
Աշխատանքում՝ ոչ, աշխատանքում քննադատվելուց չեմ վախենում: Տհաճ են միջամտություններն անձնական կյանքին, հատկապես՝ երբ դրանք համեմված են բամբասանքով ու ստահոդ լուրերով:
Մենք նկատում ենք, որ քաղաքում մթնոլորտը լարված չէ, մարդիկ մի տեսակ փոխվել են: Բռնի, ոչ թավշյա հեղափոխության ակցենտները բառիս բոլոր իմաստներով զգում է Էջմիածինցին: Առաջիկա ի՞նչ անելիքներ կան, որ կուրախացնեն ու կգոհացնեն քաղաքացիներին:
Ունենք ճանապարհեների և մայթերի բարեկարգում, կանաչ տարածքների ընդլայնում, հաստատվել է բազմաբնակարան մեկ շենքի կառուցման նախագիծ, քննարկման փուլում է նոր հիմնադրվող թաղամասի նախագիծը. արտակարգ դրության ավարտից հետո կյանքը կմտնի բնական հուն:
Եվ վերջում` երկրում արտակարգ դրության պայմաններում Ձեր խոսքը Էջմիածնի բնակիչներին:
Սիրելինե՛րս, գիտեմ, դժվար է, գիտեմ, հոգնել եք, գիտեմ, հազարապատկվել են ձեր հոգսերը, բայց խնդրում եմ լինել համբերատար, ողջախոհ, տոկուն: Մենք ցեղասպանություն ենք վերապրել, արցախյան հերոսամարտի տարիներ ենք ունեցել, մենք զրկանքներ կրելով պետություն ու պետականություն ենք կերտել և իրավունք չունենք հիմա ընկճվել: Համախմբված կկարողանանք դիմակայել դժվարությունները և հաղթել անտեսանելի թշնամուն: Դեռ գալու են պայծառ օրեր. մեր ձեռքում է դրանք մոտեցնելու հնարավորությունը:
Հայկ Մագոյան