տուն #Գործիցդուրս «#ԳործիցԴուրս»` գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է. Հավատում ենք մեր գործին ու մեր գործի...

«#ԳործիցԴուրս»` գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է. Հավատում ենք մեր գործին ու մեր գործի արդյունքին

1233
0

Վերջին տասը տարիներին Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանին չի հիշում գործից դուրս: Երևի թե` միայն Նոր տարուն: Բայց շատ է սիրում ընկերների հետ ժամանակ անցկացնել, նստել, զրուցել, խմել:

Երկրում, կորոնավիրուսով պայմանավորված, փակ են հրատարակչությունները, և մենք տեսնում ենք, որ հարկադրված պարապուրդը դուք փոխարինել եք գրականություն պրոպագանդելով: Արդյունք տալի՞ս է լայվերով գրականություն պրոպագանդելը:

Նախ ասեմ, որ մենք աշխատում ենք, փակ չենք, և այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ ենք արել: Իսկ գրքի, գրականության, ընթերցանության քարոզով միշտ ենք զբաղվել, և դա մեր աշխատանքի մեկ ու կարևոր մասն է: Նախկինում էլ եմ լայվեր արել, բայց հիմա դրանք ավելի շատ են դիտվում, որովհետև մարդիկ մեկուսացած են, շփումների կարիք ունեն: Կոնկրետ իմ լայվերը մեծ հետաքրքրությամբ են դիտում, արձագանքները շատ դրական են: Եվ, կարծում եմ, օգտակար եմ լինում մարդկանց՝ և ժամանցի առումով, և իրենց իմացածը նորովի ներկայացնելու առումով, և, ինչու չէ, նաև նոր անուններ ու գործեր բացահայտելու առումով: Կարծում եմ՝ արդյունավետ է:

Որպես «Անտարեսի» գլխավոր խմբագիր, այսօր գրականության ապագան վստահելի  ձեռքերո՞ւմ է:

Ներկան էլ, ապագան էլ: Մենք շատ տաղանդավոր գրողներ ունենք: Պետք է պարզապես կարդալ նրանց:

Ովքե՞ր են մեր  ժամանակի լավագույն հայ գրողներն ըստ Ձեզ:

Մեր ժամանակի ասվածը մի քիչ լայն ընդգրկում ունի: Ես երևի մի քիչ կոնկրետացնեմ՝ մեր կողքին ապրող լավագույն գրողները: Շատ անուններ կարող եմ տալ, բայց վախենում եմ ինչ-որ մեկին մոռանալ ու նեղացնել: Գրողները շատ փխրուն մարդիկ են այդ առումով:

Ի՞նչ չափորոշիչներով եք գնահատում այն գրքերը, որոնք տպագրվում են «Անտարես»-ում:

Ամենատարբեր: Կոնկրետ ժամանակակից հայ գրողների գրքերն ընտրելիս՝ և տաղանդը, և համբավը, և ներուժը, և կերպարը:

Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր «Անտարեսը» գրականություն առաջարկող ամենահայտնվի հրատարակությունն է մեր երկրում: Ո՞րն է հաջողելու գրավականը:

Կոնկրետ հրատարակչական ծրագիր ունենք, դա է հիմնական գաղտնիքը: Նաև՝ ունենք կոնկրետ թիրախներ, տեսլական, գիտենք՝ ինչ է պետք մեր հասարակությանը, մեր պետությանը: Ու ամենակարևորը՝ հավատում ենք մեր գործին ու մեր գործի արդյունքին:

Պետք է խոստովանեմ, որ ձեր հրատարակչության գրքերը և վիզուալ առումով, և բովանդակային` խիստ տարբերվում են մյուս հրատարակչություններից: Գրողի ոճը որքա՞ն է կարևորվում Անտարեսյան գրող դառնալու համատեքստում:

Մենք ձգտում ենք աշխատել տաղանդավոր կամ գոնե օժտված գրողների հետ, որոնք, բնականաբար, իրենց յուրահատուկ ոճն ունեն: Չենք կարևորում կոնկրետ ոճական մասնավորություններ, մեր խնդիրը նաև արդի հայ գրականության ոճային բազմազանությունը ներկայացնելն է:

Խնդրում եմ՝ խոսեք նաև այն աշխատանքների մասին, որոնք հարկադրաբար կիսատ են մնացել և համաճարակի ավարտից հետո պարտադիր կհայտնվեն ընթերցողի սեղանին:

Մենք հարկադրաբար կիսատ թողնված գործեր գրեթե չունենք: Հեռավար աշխատում ենք և շատ մեծ հույս ունենք, որ համավարակի նահանջից հետո, կարճ ժամանակում մոտ 50 գիրք կդնենք ընթերցողի սեղանին:

Եվ վերջում՝ գրքեր, որոնք կարդում է Արքմենիկ Նիկողոսյանը և առաջարկում է կարդալ ընթերցասեր հասարակությունը:

Ես միշտ եմ կարդում: Ամեն օր: Այսօր շատ դժվար է կոնկրետ գրքեր խորհուրդ տալ, որովհետև գրահրատարակչական դաշտը շատ բազմազան է, և տարբեր ճաշակի գրքեր կան գրախանութներում: Ու մեծամասամբ՝ լավ գրքեր: Մյուս կողմից՝ ես սիրում եմ ընթերցողի այն տեսակը, որ ի՛նքն է գրքեր գտնում ու խորհուրդ տալիս, և ոչ թե սպասում է խորհուրդների: Իհարկե, այդ ճանապարհին նա կարող է նաև գրքեր կարդալ, որոնք կհիասթափեցնեն, բայց դա էլ պետք է լինի:

Լուսանկարների հեղինակներ`Սամվել Սևադա, սև-սպիտակը՝ Նառա Վարդանյան

Հայկ Մագոյան