տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Պարոդոնտիտ

Բժշկական անկյուն. Պարոդոնտիտ

208
0

ochagovyj-parodontit

Պարոդոնտիտը բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է  ատամին շրջապատող հյուսվածքը (պարոդոնտը): Տվյալ հիվանդությունը  այս կամ այն չափով հանդիպում է մադկանց մեծ մասի մոտ: Սա  լնդերի բորբոքային խիստ վտանգավոր ու զարգացող հիվանդություն է , որը քայքայում է  ատամները պահող հյուսվածքը: Ոչ ժամանակին բուժման դեպքում ատամների կորստի ռիսկը բազմապատկվում է,  այդ պատճառով է, որ ատամնաբույժները չեն դադարում հիշեցնել, որ բժշկին դիմել պետք է ժամանակին, անհապաղ, առանց ձգձգելու:

Հիվանդության նախնական շրջանում լնդերը թեթևակի արյունահոսում են ու  մի քիչ այտուցվում, ծամելու ժամանակ  անհարմարության զգացում է լինում, ինչը սակայն բոլորին չէ, որ անհանգստացնում է: Իսկ հիվանդության սրացման ժամանակ արտահայտված ախտանշաններին այլևս անհնար է ուշադրություն չդարձնել, քանի որ լնդերը բորբոքվում են, ատամների վզիկները` մերկանում ու թարախահոսություն է սկսվում լնդային գրպանիկներից, ատամների շարժ է նկատվում, բերանից վատ հոտ է գալիս, ու մեծանում են տեղային ավշահանգույցները:

parodontit2

Հիվանդության առաջացումը կարող է ինչպես ընդհանուր վիճակով պայմանավորված  լինել, այնպես էլ` տեղային պատճառ ունենալ. առաջինի դեպքում պարոդոնտիտը զարգանում է թուլացած իմունիտետի, դիաբետի, արյան ու տարբեր քրոնիկ հիվանդությունների ժամանակ, իսկ տեղային պատճառներ են համարվում ինֆեկցիաներն ու վնասվածքները: Մանրէներն ախտահարում են լնդերն ու լորձաթաղանթը, ապա թափանցում հյուսվածքի ավելի խոր շերտեր, քայքայում ատամների հենման ապարատը: Վնասվածքային պարոդոնտիտն առաջանում է միկրովնասվածքների հետևանքով (միաժամանակ կամ  էլ մշտական ),  ու դրա կանխարգելման համար հարկավոր է խուսափել լնդերի վրա ցանկացած ազդեցությունից: Ստոմատոլոգը գնահատում է ոչ միայն բերանի խոռոչի վիճակը, այլև որոշում պարոդոնտի առաջացման պատճառները. չափում է լնդակոսի խորությունը, ինչը թույլ է տալիս որոշելու, թե հիվանդությունը  զարգացման որ փուլում է գտնվում: Օրինակ, եթե պարոդոնտալ գրպանիկի խորությունը 3,5 մմ է ու արտահայտված սրացման նշաններ չկան, ապա հիվանդի մոտ ախտորոշվում է  թեթև աստիճանի պարոդոնտիտ:

Հիվանդության բուժումը կատարվում է թերապևտիկ կամ էլ վիրաբուժական եղանակով: Առաջինի դեպքում անպայման հեռացվում է ատամնաքարն ու նշանակվում հակաբորբոքային դեղամիջոցներ: Վիրաբուժականի դեպքում լնդագրպանիկները ենթարկվում են  բաց կամ փակ կյուրետաժի: Բաց կյուրետաժը  հնարավորություն է տալիս թափանցելու պարոդոնտի ավելի խոր շերտեր` լինդը շերտազատելու եղանակով ու հետագայում պրոցեդուրայի վերջում կար դնելով: Եթե պարոդոնտալ գրպանիկների խորությունը գերազանցում է 6 մմ-ը, ապա արդյունավետ բուժման համար կատարվում է լաթային վիրահատություն, որի ընթացքում գրպանիկները մաքրում են, հանվում է լնդի վերին շերտը, որը վերջում կրկին կարվում է:

Պարոդոնտիտի կանխարգելման հիմնական մեթոդներից են ատամների կանոնավոր մաքրումը, կոշտ սննդի կիրառումը` ծամողական ողջ ապարատի վրա ծանրաբեռնվածություն ապահովելու համար, ինչպես նաև`հիվանդության ցանկացած ախտանշանի դեպքում ստոմատոլոգին ժամանակին դիմելը: Պարոդոնտիտի կանխարգելումն անհրաժեշտ է   քրոնիկ հիվանդության սրացումից խուսափելու նպատակով:  Այդ դեպքում նույնպես պարոդոնտիտի կանխման հիմնական մեթոդը  բերանի խոռոչի հիգիենան է , ներառյալ ատամների կանոնավոր մաքրումն է ինչպես հարկն է:

Խորհուրդ է տրվում պահպանել բերանի խոռոչի հիգիենան, կոշտ ու բուսական սնունդ ներառել օրվա սննդաբաժնում: Ատամնաքարերի ժամանակին հեռացման և ընդհանրապես,  բերանի խոռոչի առողջության պահպանման նպատակով  կանոնավոր ստոմատոլոգի մոտ հաճախել է հարկավոր:

Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ա. Վարդանյան