տուն Աշխարհ Ապաքինվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

Ապաքինվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

4088
0

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 339 հազար 530 է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 14 հազարը: Մարտի 23-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում` անցնելով 99 հազարը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 93 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5 հազար 476: Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է աշխարհում:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, որտեղ վերջին տվյալների համաձայն գրանցվել է 35 հազար 060 հաստատված դեպք. նոր դեպքերը 1514-ն են: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերն այստեղ 28 հազար 768 են:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 24 հազար 873 է, այնուհետև Իրանն է՝ 21 հազար 638 հաստատված դեպքով:  Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 018-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 961-ի, Շվեյցարիայում 7 հազար 474-ի, Մեծ Բրիտանիայում՝ 5 հազար 683-ի:

Ռուսաստանում հաստատված դեպքերը 438-ն են: Մահացել է մեկ մարդ: Վրաստանում 54 հիվանդներից մեկն ապաքինվել է:

Առաջին դեպքն է արձանագրվել նաև Սիրիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է: