Մայիսի 17-ին՝ ժամը 23։59-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների փոփոխությամբ սահմանվել են պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։
Ընդհանուր կանոններ
1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։
3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային տարածքներում ապահովում են սույն որոշման Հավելված N 4-ով սահմանված՝ «Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման» պահանջները այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։
4) Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցների մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:
5) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N-ով սահմանված իրազեկման թերթիկի:
6) Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ: