—Պարոն Սարգսյան, հաճելի է լինել Հայաստանի Հանրապետության նախագահի անվանակիցը: Մենք նկատել ենք, որ սոցիալական կայքերում հաճախ եք այդ թեմայով կատակներ անում:
-Երբեք չեմ մտածել անվանակիցը լինելու հաճելիության մասին։ Հումորներ շատ են արել, ես էլ, քանի որ շատ կատակասեր եմ, հումորը գնահատում եմ, ես էլ եմ անում կատակներ, նույնիսկ ինձ պարոն նախագահ են ասում շատ ընկերներ, ծանոթներ, երբ հանդիպում են, ու արդեն սովորական է դարձել ինձ համար։ Երևի հաճելի է․ հարգանքներս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
—Նախկին հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, Երեւանի ավագանու անդամ, այժմ՝ Երգի պետական թատրոնի տնօրեն: Այս բոլոր աշխատանքներից ո՞ր գործն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում, հեռուստաընկերություններում՝ որպես հաղորդավար, պրոդյուսեր։ Շատ քիչ եմ զբաղվել լրագրությամբ։ Այժմ էլ հանդիսություններ վարում եմ, հեռուստատեսությունում բնականաբար չկամ, սակայն պրոդյուսինգով զբաղվում եմ, քանի որ թատրոնի տնօրենը, կարելի է ասել նաև պրոդյուսեր է, որը լայն հասկացություն է։ Շուտով մի երգչի հետ պետք է նորից աշխատեմ, որպես պրոդյուսեր։ Երևանի ավագանու անդամ լինելը չի խանգարում, որովհետև կապը կա. մշակույթի հանձնաժողովում եմ ես և մշակութային հրավերով եմ զբաղվում։ Ի դեպ, քանի որ ավագանուց խոսեցի, կուզեի նշել, որ տարվա առաջին ավագանու նիստին նախագիծ ունեմ ներկայացնելու օրակարգ՝ փողոցի անվանակոչության հարցով։ Պետք է առաջարկեմ, որպեսզի մայրաքաղաքում մեր մեծ երգչուհի, հայկական երգի սոխակ Գոհար Գասպարյանի անվան փողոց լինի։
— 90-ականներին եւ 2000-ականների սկզբին, երբ Երեւանը դեռ լի չէր տարատեսակ ժամանցի վայրերով, Երգի պետական թատրոնը մեր սերնդակիցների սիրելի անկյունն էր: Արդյոք նոր սերունդը եւս գիտակցում է վերջինիս դերն ու գինը: Ըստ Ձեզ, այն չի՞ հնացել, հոգնեցրե՞լ:
Երգի պետական թատրոնը, կարելի է ասել, հարազատ վայր է դարձել, բավականին մեծ գործ է արվել թատրոնում այս 8 ամսա ընթացքում։ Թատրոնը շուտով կվերաբացվի՝ մեծ վերանորոգում է իրականանում։ Ես ինչ գործ անում եմ կյանքում՝ սրտանց եմ անում։ Երգի պետական թատրոնը մեծ պատմություն ունի և, կարելի է ասել, անկախ Հայաստանի հետ հավասար քայլել է, կողքին է եղել, երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ հենց այստեղից են իրենց քայլերն արել։ Համաձայն եմ, կարելի է ասել, որ արդեն հոգնեցնելու շեմին էր, բայց հիմա այդ գլոբալ մեծ փոփոխությունները, որ լինելու են թատրոնում, հանդիսատեսին, կարծում եմ կրկին կվերադարձնի Երգի պետական թատրոն, և այն դարձյալ իր խոսքը կասի երգարվեստում։
— Իսկ վերանորոգմանը զուգահեռ ներկայացումներ լինո՞ւմ են: Հանդիսատեսի պակաս չե՞ք ունենում:
-Ներկայացումներ այժմ չունենք, որովհետև, ինչպես արդեն նշեցի, թատրոնը վերանորոգման մեջ է։ Դահլիճն ամբողջությամբ ուզում ենք վերազինել։ ԿԳՄՍ-ի հետ ենք աշխատում՝ շուտով կհասկանանք, երևի դրամաշնոհ մեզ կտրամադրեն։
Համենայնդեպս ես դիմելու եմ, որից հետո արդեն թատրոնը կներկայանա արդեն իր ողջ հմայքով։ Այժմ դեռ չի աշխատում, պատրաստվում ենք 2020-ին։ Հիմնովին վերանորոգումից հետո թատրոնի շենքը, որը հենց քաղաքի սրտում է, կարծում եմ կդառնա քաղաքի երաժշտական կենտրոնը։ Հուսանք կգնանք այդ ուղղությամբ։
—Նշեցիք, որ երկրի լավագույն կատարողներից շատերն իրենց աշխատանքային ուղին սկսեցին հենց Երգի պետական թատրոնից: Ովքե՞ր են այսօր թատրոնի հիմնական աստղերը:
-Թատրոնի հիմնական և կարևոր աստղը, կարծում եմ, հենց թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանն է։ Նա էլ, բնականաբար, ինձ հետ պատրաստվում է գալիք տարվան, որպեսզի թատրոնը նոր շնչով ներկայանա։ Թատրոնը բաց է բոլոր երգիչների համար, ովքեր իսկապես երգիչներ են, և համագործակցելու ենք բոլոր լավագույն արտիստների հետ գալիք տարվանից հետո։
— Նշեցիք, որ երգահան Արթուր Գրիգորյանը իր հոգին եւ կյանքը ներդրել է Երգի պետական թատրոնի կայացման գործում: Այսօր նա շարունակո՞ւմ է իր առաքելությունը:
— Այո, նա այսօր բնականաբար թատրոնում է, որը, կարելի է ասել, եթե առաջին չէ, ապա երկրորդ տունն է իր համար, նրա հիմնած մշակույթի օջախն է, տարիների ընթացքում բավականին մեծ գործ է արել և գալիք տարում էլ կսկսի նոր թափով։ Թե՛ ինքն է թատրոնին ուժ տալիս, թե՛ թատրոնն է իրեն ուժ տալիս։
—Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք վերջինիս հետ: Ինչպե՞ս նա վերաբերվեց Ձեր նշանակմանը:
Արթուր Գրիգորիչի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Ես չեմ աշխատի մի տեղ, որտեղ լարված, վատ հարաբերություններ կլինեն։ Թատրոնում մթնոլորտը շատ լավն է, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նախքան իմ նշանակումը մենք հանդիպեցինք, խոսեցինք և համաձայնության եկանք։ Այսօր, կարծում եմ, նա էլ է գոհ իմ աշխատանքից։ Ես էլ իրեն եմ շատ հարգում և գնահատում։
—Առհասարակ, թատրոնը Ձեզ ջե՞րմ ընդունեց, թե՞ դժվար էր նոր կոլեկտիվում ինտեգրվելը:
-Կարծում եմ ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ ցանկացած կոլեկտիվում կարողանում են ինձ գտնել, և ինձ ճանաչողները կփաստերն, որ խնդիրներ չսիրող մարդ եմ և երբեք խնդիր չեմ ստեղծի։ Որտեղ որ զգամ ավելորդ եմ՝ ես այնտեղ ուղղակի չեմ լինի։ Այստեղ, կարծում եմ, ես դեռ պետք եմ, որովհետեև դեռ շատ ծրագրեր կան, որ պետք է իրականացվեն։ Եվ մենք գնում ենք այդ ուղղությամբ։
—Ինչպես հայտնի է, նախկինում Դուք տարատեսակ միջոցառումներ էիք վարում: Ենթադրում եմ, որ պետական աշխատավարձը հեռու կլինի հաղորդավարի վաստակած գումարից: Զուգահեռ շարունակո՞ւմ եք հաղորդավարի գործունեությունը, թե՞ բավարարում է տնօրենի վաստակը:
Այո, բավականին շատ միջոցառումներ եմ վարել, հանդիսություններ, երեկոներ․․․այսօր էլ շարունակում եմ վարել, իհարկե պետական աշխատավարձերը շատ ցածր են, և կարելի է ասել, պետք է զբաղվես քո գործունեությամբ։ Ես սա համարում եմ ծառայություն իմ երկրի համար, հայրենասիրության մասին չեմ սիրում խոսել, սակայն, եթե ապրում ես այս երկրում, ապա երկրիդ համար ինչ գործ էլ անես՝ դա արդեն հայրենսիրության դրսևորում է։ Իսկ աշխատավարձերը թատրոնում բոլորինը բարձրացել է. մարդ կա՝ 10 տոկոսով, մարդ կա՝ 80։
—Մեզանում յուրահատուկ բարդույթ կա՝ կապված հաղորդավարության, հատկապես հարսանեկան արարողություններ վարելու՝ թամադայության հետ: Ի՞նչ եք կարծում, որտեղից է գալիս այդ վերաբերմունքը։ Ձեզ երբեւէ կաշկանդե՞լ է այդ աշխատանքը:
— Հանդիսությունների մեջ, բնականաբար, հարսանեկան երեկոներն էլ են մտնում։ Արդեն 8 տարի է՝ վարում եմ հարսանեկան երեկոներ ևս, և կարծում եմ մենք պետք է կոտրենք այդ բարդույթը մադրկանց մեջ, ճիշտ և գրագետ անցկացնենք հարսանեկան երեկոները, որպեսզի գեղեցիկ լինի։ Երբեմն տգեղ երեևույթներ են լինում այդ երեկոների ընթացքում, երևի թե դա է պատճառը, որ մարդիկ խուսափում են։ Ես էլ էի սկզբում խուսափում, հետո հասկացա, որ հենց մեկը ես եմ, որ պետք է այդ ավանդույթը փոխի, ավելի գեղեցիկ սարքի՝ հինը պահելով, և դա, կարծես թե, այսօր ստացվում է, մեր բազմաթիվ հաղորդավարներ նույնպես գրագետ են արդեն սկսել վարել։
—Պարոն Սարգսյան, 2018 թվականի թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից էիք: Մինչ այդ շատ ապաքաղաքական էիք թվում: Ինչո՞ւ որոշեցիք միանալ շարժմանը:
-Ես որքան հեռու եմ եղել քաղաքականությունից, այնքան, կարելի է ասել, մոտ եմ եղել քաղաքականությանը, ինչպես բոլորս։ Այնուամենայնիվ, աշխատում եմ ապաքաղաքական մնալ։ Ոչ միայն թավշյա հեղափոխության օրերին, այլ միշտ եմ եղել պայքարի մեջ՝ հանուն արդարության: Պայքարի մեջ եմ եղել դեռևս ուսանողական տարիներից՝ 2004-ին ստեղծեցինք հանուն գիտության զարգացման խումբը, ապա 150 դրամի շարժումը, էլէկտրիկ երևան և այլն։ Այսինքն միշտ եղել եմ հանուն արդարության պայքարի կենտրոնում: Թավշյա հեղափոխության հենց սկզբից ես եղել եմ թիմի կողքին, բազմաթիվ ընկերներ ունեմ ում հետ երկար ճանապարհ ենք անցել։ Ես ուղղակի չէի պատկերացնում ինձ՝ որ չլինեի այդտեղ։
—Իսկ ի՞նչ եք կարծում, ի վերջո ո՞րն էր այդ շարժման հաջողության գաղտնիքը, չէ՞ որ Հայաստանում բազմաթիվ անգամներ եղել էին և՛ հանրահավաքներ, և՛ շարժումներ, որոնք մարդկանց է՛լ ավելի էին հիասթափեցրել: 2018-ին երկրում չլսված բան տեղի ունեցավ. մարդիկ համախմբվեցին եւ անզեն, անարյուն իշխանություն վերցրեցին:
— Ժողովուրդը տարբերում է ճիշտն ու սուտը: Կարծում եմ հաջողության գաղտնիքը վարչապետի անկեղծությունն էր, ժողովրդի հետ գրագետ շփվելու ունակությունը, հեղափոխության ճիշտ մշակված ծրագիրն էր, որ բերեց հաջողության: Այսօր էլ, կարծում եմ, բավական մեծ վարկանիշ ունի վարչապետը, և այդպես էլ կշարունակվի, վստահ եմ։
—Այժմ կուսակցակա՞ն եք:
-Երբեք չեմ եղել կուսակցական և չեմ էլ պատրաստվում լինել: Ես ուղղակի կարող եմ աշխատել, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր լավ գործ են անում, ում ես վստահում եմ, և ովքեր ինձ են վստահում: Կուսակցական պատկանելությունը կապ չունի։ Ես աշխատում եմ լինել այն կուսակցության կողքին, որն իրոք ինչ-որ բան ուզում է անել այս երկրի, ժողովրդի համար:
— Իսկ հնարավո՞ր է հաջորդ գումարման խորհրդարանում նաեւ Ձեզ տեսնենք:
-Եթե ես հասկանամ, որ իմ տեղը հաջորդ գումարման Ազգային ժողովում է, և ես այնտեղ ասելիք և անելիք ունեմ, անպայման կլինեմ այնտեղ: Սակայն առայժմ չեմ պատրաստվում, քանի որ դեռ անելու գործ շատ ունեմ Երգի պետական թատրոնում, մշակույթում։ Ապագան գուշակել չեմ ուզում:
—Ձեր երիտասարդ եւ գեղեցիկ ընտանիքը վերջերս համալրվել է եւս մեկ անդամով: Կպատմե՞ք Ձեր որդու մասին: Ինչպե՞ս նա փոխեց Ձեր կյանքը:
-Այո Մարկը` որդիս, տունը լցրեց խինդ-ուրախությամբ, աշխուժությամբ: Արդեն 4-ամսական է, բայց ես ասում եմ՝ արդեն բավականին հասուն տղա է, որովհետև շատ լուրջ է, ամեն մեկին չի ժպտում, գիտի ում ինչ հայացք նետի: Իրոք նա փոխեց և՛ իմ, և՛ կնոջս` Նարեի կյանքը:
Հիմա իրենով ենք տարված, իրենով ենք ապրում: Հոգնած առօրյայից հետո, երբ տուն եմ գնում՝ մի նոր ուժ է տալիս:
—Ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը՝ Նարեն: Տան, երեխայի խնամքի հարցերով օգնո՞ւմ եք Ձեր կնոջը:
Նարեն ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը,մասնագիտությամբ երկրագետ է: Նա նաև հանրային հեռուստաընկերությամբ Առավոտ լուսո հաղորդումն էր վարում։ Բնականաբար, երեխայի ծնունդից հետո փոքրիկով է զբաղված, բայց հուսանք, որ շուտով կրկին եթերում կտեսնենք նրան: Նարեն էլ է շատ սիրում իր գործը, կապվել է արդեն Հանրայինի հետ։ Չգիտեմ, ասում են՝ նրա տեղը երևում է, սպասենք՝ կտեսնենք երևի շուտով:
Եթե տանն եմ, իհարկե Նարեի կողքին եմ լինում, օգնում եմ նրան և երեխայի հարցում. պատկերացրեք արդեն շատ մանրամասն գիտեմ, թե երեխային ինչպես են պահում, երբ լացում է՝ ինչ անել և այլն: Ամեն ինչից տեղյակ եմ (ժպտում է):
—Շուտով Ամանոր է: Ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք դիմավորելու Նոր տարին: Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
— 2019-ն էլ ավարտվեց լեփ-լեցուն իրադարձություններով թե՛ իմ կյանքում, թե՛ երկրի: Համենայն դեպս հետաքրքիր է կյանքը: Մենք Ամանորը կդիմավորենք Հայաստանում, ապա մի քանի օրով կմեկնենք երկրից. մի փոքր ուղղակի ինձ հանգիստ է պետք, այսպես ասած՝ «ափդեյթ» (update) լինեմ:
Կմաղթեմ ամենակարևորը մեր երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, խաղաղություն, թող որ 2020-ին ոչ մի զոհ չունենանք սահմանին: Դա ինձ համար ամենակարևորն է, մնացածը լուծելի հարցեր են, մենք կարող ենք լուծել:
Շնորհավորում եմ մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ամենայն բարիք, և ամենակարևորը՝ դարձյալ մեր բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղաություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանքիներ:
Նաև շնորհավորում եմ AraratNews.am-ի խմբագրակազմին՝ ցանկանալով անփորձանք կյանք, որովհետև Ձեր գործունեությունն էլ է վտանգներով լի: